«Մենք եկել ենք դարերից ու գնում ենք հաղթական
Դեպի դարերը նորից՝ դեպի վառվող Ապագան․․․»
Եղիշե Չարենց


«Հայոց Երկիր» Ռազմավարական Ծրագիրը ՄԻԱԿ ԻՐԱԿԱՆ հնարավորությունն է ոչ միայն կասեցնելու Հայ Ազգի դարերով ընթացող ռազմավարական նահանջը, այլև, վերջապես, քայլ առ քայլ ՍԵՓԱԿԱՆ ՈՒԺԵՐՈՎ շարժվելու դեպի հզոր պետականության վերականգնում: ԵՎ եթե հաջողվի միաբանել արժանի հայորդիների՝ նշվածը մեկնարկելու ու ծրագրային եղանակով առաջ տանելու նպատակով, ապա կատարած կհամարեմ կյանքիս առաքելությունը…
Հարություն Լևոնի Մեսրոբյան
«Հայոց Երկիր» Ռազմավարական Ծրագրի հիմնադիր-համակարգող


8 հակիրճ հարց ու պատասխան «Հայոց Երկիր» Ռազմավարական Ծրագրի մասին

Պետության գերնպատակն է՝ ապահովել ազգի հարատև համակարգված անվտանգությունն ու զարգացումը, ինչը պահանջում է Ռազմավարական Ծրագրի տեսքով ունենալ պետության ռազմավարական և մարտավարական քայլերի համակարգ:

Այդ իմաստով, միայն Ռազմավարական Ծրագրի ներքո պետական կառավարման համակարգն ի զորու է համախմբել ազգի մարդկային և նյութական ներքին ռեսուրսները, ներառյալ՝ Սփյուռքը:

Դարերով սեփական պետության բացակայությունը քայլ առ քայլ հայ ազգի մոտ թուլացրեց պետականության զգացումն՝ իր բոլոր կործանիչ հետևանքներով:

Առավելևս, որ տարբեր զավթիչների լծի տակ տևական ժամանակ մասնատված գոյատևումը հայ ազգի մոտ խորացրեց եսակենտրոնությունը, ինչպես նաև անձնական կամ, լավագույն դեպքում, նեղ խմբային (մասնավորապես՝ տոհմային) շահերի գերակայությունը:

Այդ ընթացքում վերացավ ազգային հիմքով դաստիարակված ու կրթված պետական կառավարչական վերնախավը և, որպես հետևանք, համազգային նշանակության սեփական որոշումներ կայացնելու, հետագա քայլերը պլանավորելու անհրաժեշտության գիտակցումը:

Երբ չկա Ռազմավարական Ծրագիր, պետությունը կարճաժամկետ կտրվածքով դեռ կարող է գոյատևել, բայց արդեն միջնաժամկետ՝ ի վիճակի չէ ապահովել ազգի համակարգային անվտանգությունը, պաշտպանել տարածաշրջանային և աշխարհաքաղաքական իր շահերն ու արդյունավետ կազմակերպել ներքին կյանքը:

Այսպիսով, պետությունը կառավարման սուբյեկտից (ռազմավարական որոշումներ կայացնող և իրագործող) հետզհետե վերածվում է կառավարման օբյեկտի (ռազմավարական որոշումներ կայացնելու և իրագործելու անընդունակ)՝ ինչի ականատեսն ենք 1991-ից:

Փաստենք նաև, որ ՀՀ-ն և ԱՀ-ն արևելքից և արևմուտքից սահմանակից են Թուրքիա-Ադրբեջան ագրեսիվ տանդեմին, որի գլխավոր նպատակներից է՝ «Մեծ Թուրան» ծավալապաշտական նախագծի իրականացումն ու դրա թիվ 1 խոչընդոտ հանդիսացող հայկական 2 պետությունների ոչնչացումը:

Երկարաժամկետ կտրվածքով Ռազմավարական Ծրագրի բացակայությունը հանգեցնելու է տարածաշրջանում հայկական էթնոսի բնաջնջմանը, ինչպես դա եղավ Արևմտյան Հայաստանում:

Այսպիսով, Ռազմավարական Ծրագրի առանցքը դառնում է մերիտոկրատական (արժանիների իշխանություն) պետական կառավարման համակարգը, ըստ որի պետության բոլոր մակարդակներում և ոլորտներում կառավարումն իրականացնում են բարոյական, մասնագիտական և կամային հատկանիշներով օժտվածները։

Բացառապես արժանիների իշխանությունն է ի զորու զարգացնել ազգի մոտ եղած մրցակցային հատկանիշները, սերմացնել նորերը, վերացնել պատմական արատներն և քայլ առ քայլ Երկիրը կառավարման օբյեկտից վերածել կառավարման սուբյեկտի:

Ներկայիս ՀՀ-ի և ԱՀ-ի կրթադաստիարակչական համակարգը միտված չէ և՛ հայրենասեր անհատի ձևավորմանը, և՛ գիտաինժեներական որակյալ մասնագետների պատրաստմանը, հակառակը՝ խթանում է ծառայություններ մատուցողների պատրաստմանը, սպառողական ապրելակերպի տարածմանը, հիմքում դնելով «հեշտ ապրելու» գաղափարը:

Մյուս կողմից՝ ազգային գաղափարախոսության բացակայությունը հանգեցնում է ազգային սնապարծության, դիվանագիտական դպրոցի բացակայության և համազգային ձախողումների մեջ ուրիշներին մեղադրելուն:

Այսպիսով՝ հասարակության ոչ մի շերտում տևական ժամանակ չի ձևավորվում պետական մտածողություն, հարգանք պետության և նրա ինստիտուտների նկատմամբ, և, որպես հետևանք, սեփական ապագան չի կապվում սեփական պետության հետ:

Արտաքին հիմնական խոչընդոտող գործոնը Թուրքիա-Ադրբեջան տանդեմն է՝ անգլոսաքսոնական աշխարհի ուղղորդմամբ, քանզի Մեծ Թուրանն ուղղված է Ռուսաստանի, Իրանի, Վրաստանի, Չինաստանի և, որոշ չափով, Արաբական Աշխարհի և Հնդկաստանի դեմ:

Ռազմավարական Ծրագրի իրագործումը բախվելու է թշնամի երկրների, ինչպես նաև նրանց հովանու տակ գտնվող գլոբալ խաղացողների և միջազգային կառույցների կատաղի դիմադրությանը, ընդհուպ՝ քաղաքական և տնտեսական մեկուսացման փորձերի, միջազգային հարթակներում հակահայկական քարոզչության տարածմանը և, ի վերջո՝ ուժի կիրառմանը։

Մյուս կողմից, Ռազմավարական Ծրագրի իրագործումը ոչ միանշանակ է ընկալվելու մեր թշնամիների հակառակորդների շրջանում, քանզի ցանկացած նոր ձևավորվող աշխարհաքաղակական սուբյեկտ երբեք չի կարող ընկալվել միայն բարիդրացիական դիրքերից, առավելևս, որ հայկական պետությունները միջազգային ասպարեզում մինչ այժմ երբեք չեն դրսևորել ընկալելի և կայուն արտաքին քաղաքականություն:

Ռազմավարական Ծրագրի կյանքի կոչման մեկնարկային փուլի ապահովման համար անհրաժեշտ է ստեղծել գաղափարակիցների կուռ խումբ, ընդլայնել աջակիցների շրջանակը և կազմակերպել քարոզչության ու ներգրավման լայնածավալ գործընթաց:

Զուգահեռ, հատուկ չափորոշիչներով, պետական կառավարման բոլոր մակարդակների և ոլորտների համար ընտրվելու ու հավաքագրվելու են արժանի կառավիրիչներ:

Նշված աշխատանքների հիմքում լինելու է Ռազմավարական Ծրագրի հրապարակման համար նախատեսված տարբերակը, որը ներկայացվելու է ՀՀ-ում, ԱՀ-ում և Սփուռքի բոլոր գաղթօջախներում:

Ռազմավարական Ծրագրի 10 բաժինները ներառում են պետության բոլոր կարևոր ոլորտները՝ պետական մերիտոկրատական կառավարման ներդնումը, համակարգային անվտանգության կազմակերպումը, մրցունակ տնտեսության կայացումը, շահավետ արտաքին հարաբերությունների ստեղծումը, բնակչության աճի ապահովումը, մարզերի և գյուղերի համաչափ զարգացումը, մրցունակ սերունդների ձևավորումը, Սփյուռքի համակարգված ներգրավումը, իրավական և մոբիլիզացիոն պաշտպանական համակարգերի ձևավորումը։

Նշված 10 բաժինների ամբողջական և հետևողական իրագործումը, մշակված մեխանիզմների միջոցով, հանգեցնելու է Երկրի կայացմանը՝ որպես հզոր, դինամիկ զարգացող, պաշտպանված ու մրցունակ պետություն։